Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին
Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան և Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը։
«Ինչպես միշտ, Ադրբեջանը հրավիրված չէ։ Ես սիրում եմ Եվրախորհրդարանի «անկողմնակալությունը»: Եվրախորհրդարանը նույնիսկ չի թաքցնում իր վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ»,- գրել է Սադիկովը Twitter-ում: Նա նաև առաջարկել է դիտարկել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի միջև հարաբերությունների սառեցման տարբերակը մինչև նրա նախագահի փոփոխությունը: «2024-ը կարող է օգնել: Ի վերջո, ո՞րն է կոռումպացված Եվրախորհրդարանի հետ նման համագործակցության օգուտը»,- ասել է աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի ներկայացուցիչը։
Հատկանշական է, որ Հայաստանը հրավեր է ստացել ԵԽ-ից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, որտեղ ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում և կներկայացնի Արցախում հումանիտար իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։
Հայտնի է նաև, որ այսօրվա հանդիպմանը ԵՄ երկրների արտգործնախարարները կորոշեն դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Հաշվի առնելով, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը Լաչինի միջանցքի հարցով բանաձեւ է ընդունել, որում կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները քաջատեղյակ են իրավիճակից հայկական դիվանագիտական խմբի հաջող աշխատանքի շնորհիվ, և Բաքուն լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։