Դատարանը ենթարկվելով քննիչի մոլորեցմանը, բավարարել է այդ միջնորդությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի նեկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն թույլատրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Այդ ապօրինի որոշումն իր բնույթով աննախադեպ եմ համարում: Օրենքը հեռախոսային հաղորդակցության վերահսկողություն (գաղտնի քննչական գործողություն) թույլատրում է միայն ծանր և առանձնապես ծան հանցագործությունների դեպքերում, մինչդեռ այս քրեական վարույթն իրականացվում է միջին ծանրության հանցանքի շրջանակներում: Քննիչը, փաստորեն, կիրառել է անթուլատրելի մի հնարք և սովորական քննչական գործողություն հանդիսացող առգրավման թույլտվություն ստանալու անվան տակ իր միջնորդությամբ «սղացրել» էր նաև գաղտնի քննչական գործողության թույլտվություն, որն անթույլատրելի է այս գործով:
Դատարանը, ցավոք, հավանաբար ենթարկվելով քննիչի մոլորեցմանը, կամ էլ գիտակցաբար՝ բավարարել է այդ միջնորդությունն ու թույլատրել անձի հեռախոսային խոսակցության և նամակագրության գաղտնիության լուրջ միջամտություն»,- գրել է Բաբայանը։