Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարականի իմ դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաև դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։
Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում մարզի խնդիրների և հոգսերի լուծման համար մեկտեղել եմ իմ ջանքերն ու գիտելիքները։ Սակայն պետք է արձանագրեմ, որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողել իր գործում, եթե չունենա գիտակ թիմ և փորձառու համախոհներ։
Շնորհակալություն եմ հայտնում Շիրակի մարզպետի աշխատակազմին` ցուցաբերած բարձր արհեստավարժության և հետևողական աշխատանքի համար։
Կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը ժողովրդի գնահատականն ու վերաբերմունքն է, որն օր օրի ավելանալով էլ ավելի էր պարտավորեցրել ինձ` որպես մարզպետի։ Յուրաքանչյուր շիրակցու խնդիրն ու հոգսը համարելով իմը` սրտացավորեն փորձել եմ օր առաջ լուծում տալ։
Իմ աշխատանքում որդեգրած անաչառությունը, արդարամտությունը, պետական մտածողությունը լիահույս եմ, որ հետայսու էլ կլինեն նշաձող Շիրակի մարզպետարանի համար։
Հրաժեշտ տալով իմ հարազատ մարզին` մաղթում եմ առաջընթաց և զարգացում»,-գրել է նա։