Խիստ էներգետիկ ճգնաժամը մեծացրել է Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար. Հունգարիայի ԱԳ նախարար
Սաստիկ էներգետիկ ճգնաժամը ավելի է մեծացրել Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար։ Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն:
Նա նշել է, որ Ադրբեջանի բնական գազի արդյունահանման աճը Եվրոպային հնարավորություն է տվել դիվերսիֆիկացնել մատակարարման ուղիները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում։
«Բոլորին պարզ է, որ միայն դիվերսիֆիկացիայի մասին խոսելը բավարար չէ, ժամանակն է գործելու։ Եթե Եվրոպան չկարողանա էներգակիրների նոր աղբյուրներ, էներգամատակարարման ուղիներ ստանալ, ապա էներգամատակարարումն ապահով չի լինի»,-ասել է Սիյարտոն։
Հունգարացի նախարարը հավելել է, որ Հունգարիային ձեռնտու է հնարավորինս շուտ ստանալ Ադրբեջանի բնական գազը։
Սիյարտոն նաև ընդգծել է, որ երկու երկրների ընկերությունների միջեւ Հունգարիա ադրբեջանական բնական գազի մատակարարման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են։
Նշենք, որ երեկ Պետեր Սիյարտոն հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ։