Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19000 աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն 1 ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետև արդեն մեկ ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ, սակայն «Քովիդ-19» վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանական մտահոգությունները:
«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10%-ով, հետո նորից փակում, հետո բացում 25%-ով և այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է: Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ: ԼՂ-ի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել ադրբեջանական հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, փակ է արդեն 46 օր: Եվ ինչպես նշեցի վերը, արդեն 46 օր ԼՂ-ի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»,- նշեց Փաշինյանը: