Այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն Փաշինյանը ներկայացրեց Բաքվի պլանը
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ արդեն 46 օր ԼՂ-ի բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով:
Փաշինյանի խոսքով՝ ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը նաև խափանել է ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը և բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:
«Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Ինչպես նախկինում ասել եմ, այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ-ի հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինիացիոն կետի: Իսկ դրանից հետո, մի քանի օրով բացել միջանցքը, որ ԼՂ-ի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օր բացել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է: Եվ պետք է արձանագրեմ, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»,- նշեց Փաշինյանը: