Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վկան հարցաքննվեց. նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հարցաքննվել են գործով երկու վկաներ Սևան Քոչարյանը և Եղիշե Վարդանյանը:
Դատարանում վկաների տված ցուցմունքներում որոշ հակասություններ կային նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից:
Դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սևան Քոչարյանի` դիզվառելիք ձեռք բերելու և իրացնելու գործունեությանը։ Դատարանը այն չհամարեց որպես գործով ապացույցի տեսակ, սակայն որոշեց կցել նյութերին և հետագայում անդրադառնալ դրա գնահատման հարցին։
Մեղադրող դատախազն էլ վկային հարցրեց՝ եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքը գիտեր, որ կեղծիք է կատարվել, ինչո՞ւ է միայն 2019թ. հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:
«Հիմա եմ իմաստ տեսել, այսինքն նույնիսկ հիմա էլ եմ կասկածում՝ ինչի համար եմ ես հայտարարություն տվել: Ամեն ինչին տեղյակ լինելով՝ ես անիմաստ եմ համարել հայտարարություն տալ: Մտածում էի, որ ոչ մի արդյունք չի լինի»,- ասաց Սևան Քոչարյանը:
Մեղադրող դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ վկան չի հայտարարում, որ այլ ներկրողներից, օրինակ CPS ընկերության տնօրենն է խոչընդոտներ ստեղծել իր համար, այլ նշում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանին՝ ընդգծելով նրա կապը նախկին իշխանությունների հետ է, վկան պատասխանեց. «CPS-ը երբեք Իրանից և Իրաքից ապրանք չի ներմուծել, ներմուծել է «Ֆլեշը»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ներկրողներ կային, բայց հիմնական ներկրողները մի քանիսն էին:
«Էդ մեքենաները, որ 40-45 օր կանգնել են, ոչ մաքսային տեսուչը կարող էր կանգնացնել, ոչ հերթափոխի պետը, ոչ տվյալ մաքսակետի պետը: Ես օդի մեջ ինչ-որ հայտարարություններ չեմ արել: Նույն բանը եղել է Բագրատաշենի կողմից, երբ մեքենաները եկել՝ կանգնել են առանց հիմնավորման. հիմա իմն է եղել, ընկերոջինս է եղել, բայց ես այդ ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ: Հինգ օր առաջ, ես Հակակոռուպցիոն դատարանից գրություն եմ ստացել, Բագրատաշենի կողմից ո՞նց են մեքենաները գալիս, ո՞ւմ հրահանգով են կանգնում, էնտեղ շատ մանրամասն էդ ամեն ինչ նշված է»,- ասաց վկան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։