Ռուս խաղաղապահները եկան, որ կանխվի ԼՂ բնակչության զանգվածային մահը, այդ օրվանից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերի կյանքն Արցախում դարձնի անտանելի. Լոուրենս Մարտինը՝ Հաագայում

Եկել ենք խնդրելու, որ վերջ տրվի շարունակվող հումանիտար աղետին։ Այս մասին Հաագայի դատարանում իր ելույթի ժամանակ ասաց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայտն արդարացնող Լոուրենս Մարտինը։
Նա ներկայացրեց Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին ու ընդգծեց, որ եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն, ապա արցախցիների կյանքը կվտանգվի։ Լոուրենս Մարտինը նշեց, որ կարող է հիմնավորել, թե ինչու Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։
Լոուրենս Մարտինը նկատեց, որ Ադրբեջանի նպատակը հայերի էթնիկ զտումն է։ Նա հիշեցրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազում հայեր լքեցին իրենց հայրենի տարածքները։
Լոուրենս Մարտինի խոսքով՝ ռուս խաղաղապահները եկան, որպեսզի կանխվի ԼՂ բնակչության զանգվածային մահը։ Նա նկատեց, որ այդ օրվանից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերի կյանքն Արցախում դարձնի անտանելի։
«Ալիևն այն մարդն է, ով հայերին ասում է «շներ», «բարբարոսներ», «վայրենիներ»»,- ասաց նա՝ հավելելով, որ նրա նպատակը եղել է Արցախը «մաքրելը» հայերից։
Այս համատեքստում բանախոսը ցուցադրեց նաև Ադրբեջանի կողմից արտադրված դրոշմանիշները, որտեղ թունաքիմիկատների դեմ պայքարող անձը՝ հատուկ համազգեստով «մաքրում է» Արցախը հայերից։
Նա հիշեցրեց, որ 50 օր առաջ էլ ադրբեջանցիները փակեցին ԼՂ կյանքի ճանապարհը։
«Դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանցիների մի խումբ, մարդիկ, ովքեր քաղաքացիական հագուստով էին և ներկայանում էին իբրև թե «էկոակտիվիստներ», զբաղեցրին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու մի հատվածը, Շուշի քաղաքի մոտակայքում, քաղաք, որը Ղարաբաղյան 2-րդ պատերազմից ի վեր գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ, այսպես կոչված, «ակտիվիստները», ովքեր բողոքի ակցիա են անում իբրև թե վնաս պատճառող լեռնաարդյունաբերական ձեռնարկության դեմ, արգելափակեցին տրանսպորտային միջոցների անցումը։ Դա վատ պատրվակ էր ու վատ հորինված պատմություն, ոչ ոք չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը ԼՂ-ում։ Իրական ադրբեջանցի մի բնապահպան հենց այդ նույն շրջափակումը սկսելու օրը գրել էր, բառացի մեջբերում եմ. «Պարզ է, որ Ղարաբաղում բնապահպան ակտիվիստների պատմությունը հորինված պատմություն է, մինչև օրս ես մեկ հոգու անգամ չեմ տեսել այնտեղ, որտեղ իսկապես կհոգային բնապահպանական հարցերի մասին։ Նրանք հատուկ թատրոնում դեր խաղացողներ են»։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներից մեկը ցուցարարներից մեկի հետ հարցազրույց էր անցկացրել ու շատ քչերն էին իրոք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, շատերը այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կա՛մ ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կողմից, կա՛մ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ են այսպես կոչված ցուցարարների լուսանկարները, ովքեր ռազմական համազգեստներով են նկարված, նրանց առաջնորդներից մեկն Ադրբեջանի բանակի հատուկ հետախուզական ծառայության սպա է։ Շրջափակումը սկսելուց 2 օր անց ԼՂ իշխանությունները պատասխանել են ցուցարարների պահանջներին՝ ասելով, որ թույլ կտան միջազգային դիտորդներին ուսումնասիրել էկոհանքերը, բայց Ադրբեջանը չհամաձայնեց, 2 շաբաթ անց իշխանությունները դադարեցրին հանքային ձեռնարկության աշխատանքը, բայց շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս դրան»,- ասաց Լորենս Մարտինը։
Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի պահպանությամբ «մտահոգ» ադրբեջանցիները ցույցեր չեն անում այնտեղ, որտեղ իսկապես կան բնապահպանական խնդիրներ, որոնք առաջացել են նավթի ու գազի շահագործումից։
«Նավթի ու գազի շահագործումն այդ երկրում աղետալի հետևանքներ է ունեցել, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց, չգիտես՝ ինչու, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ «էկոակտիվիստները» որոշել են բողոքի ցույց անցկացնել»,- ասաց Լոուրենս Մարտինը։