Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել (փաստաթղթեր, տեսանյութ)

Civilnet.am-ը գրում է․
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։
Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
Օրեր առաջ համացանցում հայտնվել էին առանձնատների լուսանկարներ, որոնց պատկանելությունը վերագրվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ #CivilNetCheck-ը, ուսումնասիրելով այդ առանձնատների կադաստրային փաստաթղթերը, պարզել էր, որ դրանք կապ չունեն այս պաշտոնյաների հետ։
Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։
Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։
Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։
Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։
Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։
«Արմսվիսբանկը» տվել է իր համաձայությունը գույքը օտարելու և այլ բանկում գրավադրելու՝ պայմանով, որ հինգ օրվա ընթացքում Ռաֆայել Մուրադյանի՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններն ամբողջական կմարվեն։ Դեկտեմբերի 29-ին արդեն վարկային պարտավորություններն ամբողջության մարված են եղել։
Մեկ օր առաջ էլ՝ դեկտեմբերի 28-ին, Կադաստրի կոմիտեն գրանցել է Գոհար Աբաջյանի ու Արարատ Միրզոյանի իրավունքներն առանձնատան նկատմամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում