Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են. Արա Սահակյան

Լաչինի խնդիրը գոյություն է ունեցել միշտ՝ սկսած 1923 թվականից։ Ես առաջին անգամ Արցախ գնացել եմ Կիրովաբադով։ Խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը:
«Լաչինի միջանցքը չի գործել, ճանապարհը հատուկ անբարեկարգ վիճակում է եղել, բնակավայրերում եղել է շատ վատ վերաբերմունք Հայաստանից եկողների, հայկական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ։ Ադրբեջանն այդ քաղաքականությունը վարում էր նաև ԼՂԻՄ-ի բոլոր շրջանների նկատմամբ»,-ասաց նա:
Արա Սահակյանի կարծիքով, Լաչինի հարցը ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են։
«Հարցի լուծումը գնում է դեպի այդ ուղղություն։ Չնայած Հայաստանի կառավարությունը Երասխում է ճանապարհ առաջարկել, նաև հյուսիս-արևելքում՝ Ղազախից դեպի Իջևան, այդուհանդերձ նրանց համար idée fixe է այսպես կոչված Զանգեզուրի «միջանցքը»։ Թե ինչպես կկոչի, կփաթեթավորի Հայաստանը դա, այդուհանդերձ մոտենում ենք այդ միջանցքի տրամադրմանը։ Այսինքն մտել ենք փոխանակման փուլ»,-ասաց նա։
Սահակյանի խոսքով, եթե իշխանության ու ընդդիմության փոխհարաբերությունները լինեին ցիվիլ, գոնե փոխհարաբերություն լիներ, ապա այսօրվա խոսակցության զգալի մասը կլիներ այն մասին, թե ինչ հնարներ օգտագործենք, ինչպես օժանդակենք, որ այդ ճանապարհը բացվի։
«Քանի որ չկա հաղորդակցություն, մնում է մի վերջին հարց։ Եվ ես այդ հարցին պատասխանում եմ դրական։ Այո´, Լաչինի հարցը ցույց տվեց, որ Ղարաբաղի հետ առնչվող բոլոր խնդիրներն իշխանության, քաղաքական հարց են։ Միայն իշխանության փոփոխությամբ հնարավոր է նոր կոնցեպտի շրջանակում այս խնդիրը լուծել»,-ելույթն ամփոփեց նա։