Անթույլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ոչ ոք չէր մտածում, որ մի օր կհավաքվենք Աժ-ում ու կքննարկենք, թե ինչու է Լաչինը փակ: «Հայաստան» խմբակցության նախաձեռնած Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարության նախագծի հանրային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով` հանրային և քաղաքական կյանքը վերջին տարիներին գլխիվայր շուռ է եկել և շուռ է տվել ամեն բան, այդ թվում՝ նաև Արցախում:
Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունների վերջին 4 տարվա միտումնավոր սխալ, կեղծ, անողնաշար, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքական առումով մորթապաշտ քաղաքականության հետևանք է:
«Չէր կարելի այսքան շատ սխալների բազմություն գործել` չիմանալով, պատահաբար, միամտաբար, չհասկանալով»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ անսխալ իշխանություն չկա, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են համակարգային սխալները, ինչը քաղաքագիտության տեսություններում ոչ մի բացատրություն չունի:
Անդրադառնալով արցախյան խնդրին՝ Զաքարյանն ասաց. «Անթույլատրելի ենք համարում Արցախի բնակչության գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները, Հայաստանի և Արցախի անվտանգության դեմ ուղղված նպատակային քաղաքական արկածախնդրությունները, կտրականապես դեմ ենք ցանկացած պայմանավորվածությունների, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և միաջազգային ճանաչման հեռանկարները»: