Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի և հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ հակասական տպավորություն են թողնում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի և հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ խիստ հակասական տպավորություն են թողնում:
Եթե դրանք մաքրենք հռետորաբանական «կեղևներից» և «շերտավորումներից», ապա այդ հայտարարությունների իմաստը կարելի է ձևակերպել այսպես. «Մենք կառուցողական երկխոսություն ենք վարում այն երկրի հետ, որն այդ բանակցությունների արդյունքում ուզում է ցեղասպանության մանդատ ստանալ և ոչնչացնել կամ արտաքսել Արցախի բնակչությանը»:
Այդ բանաձևի երկրորդ մասն անշուշտ արտացոլում է բուն իրականությունը և, ի դեպ, ողջունելի է կառավարության վերջին նիստում վարչապետի արձանագրումն այն մասին, որ Արցախն ունի ինքնապաշտպանվելու իրավունք: Բայց, երբ այդ երկրորդ մասը համադրվում է «կառուցողական երկխոսության» և «խաղաղության օրակարգի» հետ, ապա անհեթեթություն է ստացվում: Եթե հակառակորդի մտադրություններն այդքան հստակ ու միանշանակ են, ապա պարզ չէ, թե որը պետք է լինի բանակցությունների նյութը:
Եկեք պարզապես թվարկենք, թե ինչ է մեզանից պահանջում Ադրբեջանը.
1.Ճանաչել Արցախն՝ Ադրբեջանի կազմում
2.Լուծարել Արցախի պաշտպանության բանակը
3.Ադրբեջանական ուղեկալներ տեղադրել Բերձորի միջանցքում
4.Ադրբեջանին «վերադարձնել» անկլավները
5.Հայաստանի Հանրապետությունը «վերաբնակեցնել» ադրբեջանցիներով
6.Տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»:
Այս պահին Հայաստանի իշխանությունները դեռևս կատարել են միայն առաջին պահանջը՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Մնացածի վերաբերյալ երբեմն վարանոտ, իսկ երբեմն ավելի հստակ իրենց անհամաձայնությունն են հայտնում: Բայց, ենթադրենք, որ այդ բոլոր պահանջները կամ դրանց մի մասը կատարվում են: Ի՞նչ ենք մենք ստանալու դրա դիմաց: Երաշխի՞ք, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի: Բայց ցանկացած ադեկվատ մարդ հասկանում է, որ նման երաշխիքներ չկան, և ոչ մի երկիր ու ոչ մի միջազգային կազմակերպություն այդպիսի երաշխիք այսօր չի կարող տալ:
Բնականաբար, ես չեմ առաջարկում հրաժարվել բանակցություններից: Բայց առաջարկում եմ, որ վարչապետը կամ արտգործնախարարը հստակ և վերջնականապես հայտարարեն, որ վերը թվարկած պահանջները Հայաստանի համար անընդունելի են և երբեք ընդունելի չեն լինելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։