Պուտինը կարևոր օրենք է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների ուկրաինական քաղաքացիությունը կհամարվի դադարեցված՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դրանից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու օրվանից։ Համապատասխան փաստաթուղթն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Օրենքը սահմանում է, որ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները, ովքեր դիմում են ուղարկել ուկրաինական լիազոր մարմին՝ քաղաքացիությունից հրաժարվելու մասին և պատասխան չեն ստացել, մեխանիկորեն կզրկվեն Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դիմումը ՌԴ Ներքին գործերի նախարարություն ներկայացնելու օրվանից։ Նման հայտ հնարավոր կլինի ներկայացնել, այդ թվում՝ հանրային ծառայությունների պորտալում, էլեկտրոնային տարբերակով։
Հստակեցվում է նաև, որ դիմումը ներկայացնելու օրվանից քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ուկրաինայի քաղաքացու իրավունքներից և պարտականություններից, այդ թվում՝ ուկրաինական անձնագիր և այդ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթղթեր ձեռք բերելուց և օգտագործելուց։
Այս կանոնը խախտելու դեպքում Ուկրաինայի քաղաքացի չլինելու մասին հայտարարությունը կհամարվի անվավեր, իսկ դիմորդը՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող: Միևնույն ժամանակ, միայն 10 տարի անց հնարավոր կլինի նորից դիմել՝ Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, առաջին անվավեր հայտարարությունից հետո։
Բացի այդ, սահմանվում է, որ մինչև 14 տարեկան երեխայի համար դիմում կներկայացնեն ծնողները կամ խնամակալները։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 90 օր հետո։