Գրիգորի Խաչատուրովը գույքը ձեռքբերելու որևէ խոչընդոտ չուներ. պաշտպան
2005թ.-ին ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարին լիազորել է, իրավունք է տվել ուղղակի վաճառքի ձևով վաճառել Պաշտպանության նախարարության բալանսի տակ գտնվող գույքերը: Այսինքն՝ այն գույքերը, որոնք ըստ էության նախարարը կամ նախարարությունը ճիշտ կհամարի, որ արդյունավետ է պահել կամ չպահել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
«Կառավարության ևս մեկ որոշում կա, եթե չեմ սխալվում 2001թ.-ի, որտեղ այդ հողամասերի օտարման արժեքի հետ կապված կարգավորումներ կան: Այսինքն՝ մինչև 2013թ. հողամասերի օտարման արժեքը դրանց կադաստրային արժեքն է եղել: Ուղղակի սահմանած է օտարման եղանակները: Դրանցից մեկը վաճառքն է՝ սահմանված վաճառք՝ կադաստրային արժեքով»,- նշեց նա:
Պաշտպանի խոսքով՝ Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հողերն ունեն որոշակի նշանակություն: Մեծամասամբ դրանք պաշտպանական նշանակության հողեր են: Որպեսզի օրենքը պահելով այդ գործընթացն արվի, մինչև օտարելը պետք է նպատակային նշանակությունը փոխվի:
«Կոնկրետ այդ զորամասի վրա առկա շենք/շինություններն ունեն հասարակական նշանակություն: Ընդամենը պետք էր կառավարության համապատասխան որոշմամբ նպատակային նշանակությունը փոխել: Էստեղ խոսքն անտառի կամ նման տարածքի մասին չէ, որն ունի ավելի բարդ ընթացակարգ: Բազմաթիվ են դեպքերը, երբ Պաշտպանության նախարարության պատկանող հողատարածքների նպատակային նշանակությունները փոփոխվել և նոր են օտարվել: Եվ այդ օտարման գործարքներում ոչ մի ապօրինի բան չկա: Այսինքն՝ այս տարածքն օտարելու իրավական հիմքեր եղել են, ուղղակի նպատակային նշանակությունը պետք է փոխվեր»,- նշեց Ենոքյանը:
Նրա խոսքով՝ Գրիգորի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքի տեսանկյունից որևէ իրավական նշանակություն չունի գույքը ձեռք կբերեր Գրիգորի Խաչատուրովը կամ նրա անվամբ, կամ մեկ այլ անձի անվամբ, իրականում իրավական, իրավաբանական տեսանկյունից որևէ նշանակություն չունի:
«Երբ Գրիգորի Խաչատուրովին առաջին անգամ կալանավորելու ժամանակ հարցը քննարկվում էր դատարանում, քննիչներին ուղղակի հարց եմ տվել. «Ի՞նչ իրավական նշանակություն ուներ գույքը Գրիգորի Խաչատուրովի անունով ձևակերպել/չձևակերպվել»: Ենթադրենք ձևակերպված լիներ Գրիգորի Խաչատուրովի անունով, հանցակազմ առկա լինելո՞ւ էր Ձեր կարծիքով, կամ այս մեղադրանքը ներկայացվելո՞ւ էր արդյոք»: Ինձ պատասխանեցին, որ այո՛, նույն մեղադրանքը լինելու էր, ուղղակի հանցակցի հետ կապված, այսինքն՝ մյուս անձին չէինք մեղսագրելու ոչ մի արարք: Այսինքն՝ այստեղԳրիգորի Խաչատուրովինն էր, թե՝ ոչ, այդ ենթադրական փողերի լվացման համար որևէ իրավական նշանակություն չի ունեցել: Ու երբ Գլխավոր դատախազն ասում է, որ, ա՛յ, տեսեք ինձ համար որպես իրավաբան անհասկանալի է մի հանգամանք, որ այստեղ խեղաթյուրվել է ձեռքբերողը, դա զրո նշանակության տեղեկություն է: Որովհետև, եթե անգամ Գրիգորի Խաչատուրովի անունով էլ լիներ, ապա իրենց տրամաբանությամբ այս մեղադրանքը լինելու էր»,-նշեց պաշտպանը և հավելեց, որ Գրիգորի Խաչատուրովը գույքը ձեռքբերելու որևէ խոչընդոտ չուներ:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: