Կամ թող հասկանան, թե ինչ են խոսում կամ էլ երկուսից մեկը թող դադարի խոսելուց. Մամիջանյանը՝ Միրզոյանի և Սիմոնյանի՝ իրար հակասող հայտարարություննների մասին
Առաջինը եկեք փաստենք մի ամոթալի փաստ: Երեկ Ալեն Սիմոնյանը, կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված «վերաինտեգրման» բանակցությունների հետ, բառացի պատասխանեց՝ «դեռևս ճանապարհ կա անցնելու»: Ալեն Սիմոնյանը չի բացառում բացարձակապես ադրբեջանական օրակարգի՝ «վերաինտեգրման» բանակցությունների հավանականությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ արած հայտարարություններին:
Նրա խոսքով՝ եղածը հերիք չէ, մի հատ էլ ասում է, որ դեռ ճանապարհ կա անցնելու: Մամիջանյանի կարծիքով՝ դրա գնահատականը պետք է տա ժողովուրդը, և առաջին հերթին մարդիկ, որոնք 2021թ.-ին սխալմամբ, մոլորությամբ ձայն են տվել ՔՊ-ին:
«Հաջորդը պիտի փաստեմ, որ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարեց հանքի այցելությունն ադրբեջանցիների կողմից, որը նույնպես ադրբեջանական պահանջ է: Ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել, թե ինչպես էր արտահայտվում մեր դաշնակից պետության ղեկավարի հետ կապված դատական որոշման վերաբերյալ: Ինձ համար առնվազն անընկալելի էին Ալեն Սիմոնյանի ակնարկները, եթե չասեմ ճնշումներն Արցախի իշխանությունների նկատմամբ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով»,- նշեց Մամիջանյանը:
Վերջինս անդրադարձավ Սիմոնյանի հետ կապված ևս երկու կետի: Ըստ նրա՝ Սիմոնյանը լավ չի տիրապետում, որը զարմանալի չի Արցախյան շարժմանը: Այո՛, Արցախյան շարժումը մեկնարկել էր որպես էկոլոգիական շարժման շարունակություն, բայց Երևանում՝ Մայր Հայաստանում, որը հետագայում վերածվեց համազգային Ղարաբաղյան շարժման:
«Եվ երկրորդ, եկեք փաստենք, որ Ալեն Սիմոնյանի երեկվա ասածները և Արարատ Միրզոյանի ասածներն ու չասածները Մոսկվայում, տրամագծորեն հակասության մեջ են: Թող կամ իրար հետ հասկանան, թե ինչ են խոսելու, որովհետև մեր երկիրը փորձադաշտ չէ, կամ էլ երկուսից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականությունից, որովհետև դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ էին»,- նշեց Մամիջանյանը: