Միրզոյանը Լավրովին չհակադարձեց, որ Փաշինյանը մերժել է պատերազմը դադարեցնելու առաջարկն ու ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը. Մամիջանյան
Ինձ համար անընկալելի են բոլոր միջազգային ֆորմատներում իշխող կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած մեսիջները և այն լռությունը, որով երեկ կանգնած էր Արարատ Միրզոյանը, երբ քննարկվում էր Արևմուտքի դերակատարության մասին և այլն: Կա՛մ ինքը համաձայն էր հնչեցված կարծիքների հետ, կա՛մ չհամարձակվեց հակառակն ասել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով՝ երեկ կայացած Լավրով-Միրզոյան հանդիպմանը:
Մամիջանյանը ցավով նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի ներկայությամբ օգտագործվեց «30 տարի օկուպացիա» եզրույթը և դրան որևէ պատասխան չհնչեց:
«Պիտի նաև երկու շատ կարևոր բանի վրա ուշադրության դարձնեմ, և մեր քաղաքացիները դա պետք է ֆիքսեն: Առաջին՝ Լավրովը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք: Հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, որից Նիկոլ Փաշինյանը չի օգտվել: Հոկտեմբերի կեսերին, երբ թե՛ տարածքային կորուստները, թե՛ առաջնայինը՝ մարդկային զոհերն այլ պատկերն ունեին: Դրա մասին երեկ խոսել է Լավրովը՝ Արարատ Միրզոյանի ներկայությամբ: Արարատ Միրզոյանը դա չի հերքել: Էնպես որ, սա կայացած փաստ է: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառերով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեպետ առկա էր դրա հնարավորությունը: Երկրորդը՝ ֆիքսենք նաև, որ ըստ Լավրովի, որին չհակադարձեց Միրզոյանը, ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը երկար քննարկվել և պատրաստվել է ՀՀ ԱԳՆ-ի մասնակցությամբ, եթե չասեմ՝ մասնակցությամբ: Վերջին պահին Փաշինյանը դրանից հրաժարվել է: Ֆիքսենք՝ ԱԳՆ-ն բանակցել, քննարկել է ՀՀ-ին ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագիրը, որից հետ այն մերժվել է Փաշինյանի կողմից»,- նշեց Մամիջանյանը: