Գեղամ Նազարյանը կոչ արեց այլևս չխեղաթյուրել պատմությունը, ընդամենը առաջարկ է եղել ԼՂ-ն Լաչինի շրջանի հետ միասին միացնել Հայաստանին
Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ: Այս մասին ԱԺ-ում հայտարարություններին ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ ստիպված է անդրադառնալ բանակցային գործընթացին և ներկայացնել, թե ինչ էր իրենից ենթադրում «Ընդհանուր պետությունը», որի գաղափարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերին առաջարկվել էր 1998 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովի ակտիվ ջանքերով։
«Այդ տարբերակի իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին ընդհանուր պետություն: Ի տարաբերություն փաթեթային ձևակերպման, թե ԼՂ-ն պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, ընդհանուր պետության տարբերակում ասվում էր, որ ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղարաբաղը միաժամանակ ունենալու էր սեփական Սահմանադրությունը, կառավարման մարմինները, դրոշը, զինանշանն ու օրհներգը, հայերենը լինելու էր հիմնկան պաշտոնական լեզուն:
Արցախը պետք է ունենար կամավորության սկզբունքով անվտանգության և ոստիկանական ուժեր, որ չէին կարող գործել Արցախից դուրս: Ադրբեջանի բանակն ու անվտանգության ուժերը և ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մուտք գործել Արցախի Հանրապետություն: Ինչպես նախորդ տարբերակներում, այս դեպքում ևս հայկական ուժերը պետք է դուրս բերվեին ԼՂ հարակից տարածքներից, բացառությամբ Լաչինի շրջանի»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց այլևս չխեղաթյուրել պատմությունը, ընդամենն առաջարկ է եղել ԼՂ-ն Լաչինի շրջանի հետ միասին միացնել Հայաստանին, իսկ փոխարենը Մեղրիի ենթաշրջանով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, որը լինելու էր թունելների և էստակադաների տեսքով, որևէ կերպ չէր հատվելու այդ թվում Իրան-Հայաստան ճանապարհին, այլ կերպ ասած՝ Մեղրիի շրջանն ամբողջությամբ մնալու էր ՀՀ կազմում։