Ինչու՞ են ակտիվացրել պատերազմի մասին խոսակցությունները
Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից և այդ բանակցություններում Հայաստանի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Այս օրերին, երբ ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո, կա նոր ագրեսիայի վտանգ և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ուղեկցված ցեղասպանության վտանգով։
Սրանք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են Ազգային ժողոում։ Փաստորեն Արարատ Միրզոյանը, ինչպես որ վարչապետ Փաշինյանը անոնս են անում Հայաստանի և Արցախի դեմ պատերազմը և սպասում, որ միջազգային հանրությունը կանխի դա։
Միջազգային հանրությունը ոչ միայն չի կանխում պատերազմի սպառնալիքը, այլ պահում է լռություն՝ ադրբեջանական սանձարձակությունների դեպքում։ Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ միջազգային հանրության արձագանքը, եթե հանկարծ Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների գլխից մազ պակասեր։
Որևէ միջազգային կառույց չի արձագանքել Արցախում ադրբեջանցիների կողմից վիրավորում ստացած երկու ռուս խաղաղապահների դեպքին։ Միջազգային հանրության լռությունը ավելի անկաշկանդ է դարձնում ադրբեջանցի զինվորականներին, նրանք էլ ավելի են սեղմում օղակը Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շուրջ՝ ուղիղ կրակելով նրանց ուղղությամբ։
Նման զարգացումները կարող են բերել խաղաղապահներին Արցախից հեռացնելու պահանջի, ինչի դեպքում Ադրբեջանը կստանա քարտ բլանշ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Ինչով է կանխում դա Հայաստանի իշխանությունը, երբ Փաշինյանը հետևողականորեն չեզոքացնում մեր ռեսուրսները, հայտնի չէ։
Պատահական չեն պատերազմի սպառնալիքի պայմաններում բանակում 5-րդ շարասյուն փնտելու մասին հայտարարությունները՝ առանց փաստական հանգամանքների։ Կառավարությունը Աժ հաջորդ քառօրյային Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնելու իր մեկ տարվա գործունեության ծրագիրը, որտեղ խոսվում է առերևույթ թվով 50 պետական դավաճանության դեպքերի մասին։ Խոսքը քրեական գործերի հարուցման մասին է և ոչ թե դատավճիռների։ Ստացվում է, որ իշխանությունը առանց դատավճիռների պետական դավաճաններ ունենալու մասին հայտարարություն է անում՝ ձեռքի տակ չունենալով դա փաստող ապացույց։
Ով է այս շիլաշփոթի իրական շահառուն. շահառուն Ալիևն է, ում զորքը Հայաստանի տարածքներ օկուպացրել ու Հայաստանի բարձրադիր դիրքերից սպասում է պատերազմ սկսելու հրահանգի, իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի բերանով անոնսում է գալիք պատերազմը և սպասում։