Ես ջախջախիչ պարտություն կկրեմ Թուրքիային աջակցելու հարցում. Դուք շատ լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք Ձեր մեկնաբանական կարիերան. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին (տեսանյութ)
«Առաջին ալիքի» մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը պատասխանել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարություններին՝ Թուրքիայի հավաքականին աջակցելու մասին:
Քալանթարյանը նշել է, որ Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է իրեն և նշել, որ «Առաջին ալիք»-ի եթերում կարծիք է հնչել, թե ՀՖՖ-ն է հավաքականի մարզչին խորհուրդ տալիս «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին չհրավիրել հավաքական:
«Արմեն Մելիքբեկյան, ի տարբերություն Ձեզ, ես դիմում եմ անվանական, ես վստահ եմ, որ խոսքը ինձ էր վերաբերում, առանց իմ անունը նշելու, ես մնում եմ իմ կարծիքին՝ այո, ես գտնում եմ, որ Հովհաննես Հարությունյանը պետք է լինի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում: Համարել դա օգնություն Թուրքիային, չգիտեմ՝ ինչի գագաթնակետն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը չի ցանկանա մրցակցության մեջ մտնել Թուրքիային աջակցելու հարցով, որովհետև ջախջախիչ պարտություն կկրի:
«Չասեմ՝ ինչեր են եղել ժամանակին: Դուք ավելի լավ գիտեք՝ ինչ աջակցություն է եղել, ոչ թե իմ, այլ Ձեր կողմից»,- նկատեց հեռուստամեկնաբանը:
Նա հորդորեց արձագանքել իր հրավերներին, երբ հրավիրում է հարցազրույցների: Ավելին՝ նշեց, որ Մելիքբեկյանը քանիցս հրաժարվել է իր հրավերներն ընդունելուց:
«Սա մեր աշխատանքն է, որին ժամանակին կցված էիք նաև Դուք: Դուք շատ լավ գիտեք՝ ինչ պատճառով ավարտեցիք Ձեր մեկնաբանական կարիերան և անցաք այլ գործունեության»,- ասաց Քալանթարյանը՝ հավանաբար ակնարկելով Մելիքբեկյանի՝ 2014 թվականի պրոադրբեջանական ռեպորտաժը ադրբեջանցի դիվերսանտների մասին:
Քալանթարյանը ևս մեկ անգամ հրավիրեց Մելիքբեկյանին ուղիղ եթերում զրույցի:
«Իսկ թիկունքից մեղադրել ինչ-որ մեկին Թուրքիային աջակցելու համար, ներեցեք, ստոր քայլ է, ես երբեք ոչ մի բանով իմ կյանքում Թուրքիային չեմ աջակցել»,- նշեց սպորտային մեկնաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում