Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի՝ պատերազմի նախապատրաստվելու մասին
Կրեմլը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի խոսքերն Ադրբեջանի՝ պատերազմի նախապատրաստվելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ինքը ծանոթ չէ Ադրբեջանի հայտարարությանը։
«Ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին ծանոթ չեմ։ Մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ երկրի ղեկավարությունից, Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են առաջին փուլի ավարտի և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու անհրաժեշտության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը և հավելել․ «Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այս հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի իր ելույթում մասնավորապես նշել էր.
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ ամենաբարձր հովանավորությամբ, և իսկապես պաշտոնական մակարդակով Ադրբեջանում, Հայաստանի Հանրապետությունը սկսեց կոչվել «արևմտյան Ադրբեջան»։ Եվ այս հայեցակարգը դասավանդվում է դպրոցներում, բուհերում, հնչում է պետական լրատվամիջոցներով։ Սա մեզ թվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի, նոր ռազմական ագրեսիայի կազմակերպման նախապատրաստություն է և հանդիսանում է խաղաղ գործընթացի առաջխաղացման գլխավոր խոչընդոտներից մեկը»։