Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա
Ավարտվել է վարորդական կեղծ վկայական պատրաստելու, կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով, ապա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս մտերմուհին ունի կապեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց շրջանում, ստանձնել է վերջիններիս միջոցով, համապատասխան գումարի դիմաց, այլ անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու հանձնառություն։
Մասնավորապես, 2021 թ. հունիսին Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն է դիմել վերջինիս ծանոթը՝ գումարի դիմաց, օրենքով սահմանված քննությունները պատշաճ չհանձնելու պայմաններում, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում իրեն օգնելու համար: 39-ամյա կինը համաձայնել է որպես միջնորդ հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու գործընթացում` այդ հարցում ներգրավելով իր վերոհիշյալ ծանոթին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմել է իր մտերմուհուն:
Արդյունքում 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը տրամադրվել է վերջինիս, որն օժանդակել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց տվյալ անձի կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալն ապահովելու համար խոշոր չափերով կաշառք ստանալ։
Նման խնդրով նույն ընթացքում Երևան քաղաքի հիշյալ բնակչուհուն է դիմել նաև Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի մի բնակիչ՝ նպատակ ունենալով ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղափոխման համար պահանջվող վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական ձեռք բերել։ Արդյունքում, միջնորդավորման նույն սխեմայով, մտերմուհին օժանդակել է ՀՀ ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց 150.000 ՀՀ դրամ կաշառքի գումարով կաշառք տվողի օգտին կատարել նույնպիսի ակնհայտ ապօրինի գործողություն։
Երկու դեպքում էլ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Ակնալիճի բնակիչը, սակայն, չկարողանալով կաշառքի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական, 2021 թ. օգոստոսին կրկին դիմել է Երևանի բնակչուհուն՝ խնդրելով ձեռք բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայական: Վերջինս, ստանալով 80.000 ՀՀ դրամ, դիմել է իր ծանոթին, ով, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, համակարգչային տեխնիկայի և գունավոր տպիչ սարքի միջոցով, կեղծել և Երևանի բնակչուհու միջոցով Ակնալիճի բնակչին է իրացրել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայականը, ով այն օգտագործել է՝ այլ աշխատանքի նշանակվելու համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք տալուն, փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու համար, Ակնալիճ գյուղի բնակչին՝ փաստաթղթեր կեղծելու և կաշառք տալու համար, երկու անձի՝ փաստաթղթեր կեղծելու համար, մեկ անձի կաշառք տալու, մեկին՝ 2 դրվագ կաշառք տալուն օժանդակելու, ևս մեկ անձի՝ կաշառքի միջնոդրության համար։
Վերոհիշյալ անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակցի (աշխատակիցների) մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: