Դատարանը կքննի ՊՆ նախկին նախարարի վերաբերյալ քրեական գործը՝ առանց նրա մասնակցության
Հակակոռուպցիոն դատարանը կքննի ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը՝ առանց Սարգսյանի մասնակցության՝ հեռակա քննությամբ։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ, հարուցվել է դեռևս 2019թ.-ին։ 2023թ փետրվարի 8-ին քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. վերջիններին ներկայացվել է մեղադրանք: Նրա նկատմամբ որխես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, վերջինս հետախուզման մեջ է։