Դուք հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը․ Արշակյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին
ՔՊ-ական պատգամավորների վերաբերյալ շուրջ 25 վարույթ է հարուցվել։ Այս մասին ԱԺ նիստում հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ և միաժամանակ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հարցին, թե իրենց խմբակցության 71 պատգամավորներից քանիսի՞ նկատմամբ է վարչական կամ կարգապահական վարույթ հարուցվել։
«Վարույթները հարուցվել են շահերի բախման՝ բիզնես գործունեության, անհամատեղելիության և հայտարարագրերի սխալ ներկայացման հիմքով։ Շահերի բախման հիմքով հարուցված վարույթը եղել է 1-ը, անհամատեղելիության հիմքով՝ 5-ը»,- մանրամասնեց։
Ճշտող հարցին, թե՝ կարո՞ղ են այդ վարույթները որևէ կերպ ազդել քվարկության արդյունքերին՝ Հայկուհի Հարությունյանն արձագանքեց․ «Քվեարկության արդյունքները այդ հարցի ուղիղ պատասխանը կտան»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ, նրա պատասխանի հետ կապված, իր հարցն ուղղեց հանձնաժողովի նախագահի թեկնածուին․ «Տիկին Հարությունյան, Դուք հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը»։
Հայկուհի Հարությունյանը արձագանքեց․ «Բացարձակ, ես ընդամենը պատասխանեցի հարցին»։