Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում, կստանան բնակարաններ․ Փաշինյան

Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց մի նախագծի, որով փոխվում են հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերող զինծառայողներին աջակցության պայմանները:
Ըստ այդմ՝ այսուհետ զինծառայողներին կտրամադրվի 2.5 միլիոն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 միլիոն 237 հազար 800 դրամ, իսկ վարկի տոկոսների սուբսիդավորումը՝ 5 տոկոս, նախկին՝ 3-ի փոխարեն:
«Կարևոր է նշել, որ 2022, 2023 թվականների ընթացքում հնարավորություն է տրվել ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, որը գերազանցել է գործող ծրագիրը: Հիշեցնեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է նման հնարավորությունից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ այս տարի 1100 հայտ ներկայացրած զինծառայողներին մենք այդ հնարավորությունն ընձեռել ենք»,- ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Արձագանքելով նրան՝ Նիկոլ Փաշինյնաը նկատեց, որ նախկինում զինծառայողները դիմում էին նախարարությանը և բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում տեղի էր ունենում վիճակահանություն, և մարդիկ ձեռք էին բերում բնակարան։
«Հիմա արդեն 2-րդ տարին է՝ մենք այդ վիճակահանությունը չենք անում: Իհարկե, բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում բնակարան ձեռք բերելու համար, և մենք, նայելով բյուջետային հնարավորությունները, բոլորի հայտն ըստ էության բավարարում ենք»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նկատեց, որ փաստացի բնակարան ձեռք բերած զինվորականների թիվն աճել է։
«2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 230 զինծառայող, 2021 թվականին՝ 249, իսկ արդեն 2022 թվականին 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում ընթացիկ՝ 2023 թվականը»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ ակնկալիքներ կան, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կմեծանա:
«Ըստ էության, եթե այս տեմպը կարողանանք պահել, շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել հետագայի համար: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈւ-ում կստանան բնակարաններ»,- ասաց Փաշինյանը: