ԱՄՆ-ում հագուստ գողացած, բայց դեռևս պաշտոնավարող ռեկտոր Դիանա Գալոյանի ուղիղ մասնակցությունն այսպիսի գործարքին՝ պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր․ բաց նամակ՝ ԿԳՄՍՆ-ին

Բաց նամակ Ժաննա Անդրեասյանին
«Հարգելի՛ տիկին Անդրեասյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Էփրիքոթ Կապիտալ մասնավոր ներդրումային ընկերությունն իր անվանումով և իր բրենդինգով լսարան է բացել պետական բուհում:
Հաշվի առնելով այսպիսի հստակ թիրախային գովազդի արդյունավետությունը, ամենամեծ պետական բուհերից մեկի տարածքում հազարավոր ուսանողների շրջանում սեփական ընկերությունը տարիներ շարունակ տեսանելի ու գրավիչ դարձնելու բացառիկ արտոնությունը՝ նմանատիպ գովազդի շուկայական արժեքը կարող է կազմել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ (առանձին գնահատման ենթակա է, թե կոնկրետ քանի տասնյակ):
Քանի որ այսպիսի գործարքը պարունակում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր ԱՄՆ-ում հագուստ գողացած, բայց դեռևս պաշտոնավարող ռեկտոր Դիանա Գալոյանի ուղիղ մասնակցությամբ, խնդրում եմ տեղեկացնել․
- Ըստ պայմանագրի ինչքա՞ն գումար է ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին Էփրիքոթ Կապիտալ ընկերությունը հատկացրել տարեկան հազարից ավելի ուսանող և տարատեսակ բազմամարդ միջոցառումներ ընդունող ամենամեծ լսարաններից մեկում սեփական ընկերությա նանվանումը հսկա տառերով գրելու և պետությանը պատկանող բուհի ամենամեծ լսարաններից մեկն ամբողջությամբ մասնավոր ընկերության բրենդինգով կահավորելու իրավունք ստանալու համար համար:
- Եթե մասնավոր ընկերությունը սահմանափակվել է միայն հովանավորելով սեփական բրենդինգով ու գովազդային գրառումով լսարանի վերանորոգումը, ապա արդյո՞ք ՀՊՏՀ-ի հետ համագործակցող յուրաքանչյուր ընկերություն կարող է նման իրավունք ստանալ՝ պետական բուհի լսարանները վերածել խայտաբղետ գովազդային սենյակների՝ յուրաքանչյուրն իր բրենդային գույներով և անվանումներով:
- Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այդ իրավունքը տրվել կոնկրետ մասնավոր կազմակերպությանը, երբՀՊՏՀ-ի հետ համագործակցում են մի քանի հարյուր մասնավոր ընկերություններ:
Լսարանի վերանորոգման հովանավորումը ողջունելի կլիներ և զերծ առերևույթ կոռուպցիոն չարաշահումից, եթե պահպանվեին ՀՊՏՀ-ի բրենդային գույններն ու ձևավորումը, և դա չվերածվեր վերանորոգման՝ չնչին գումարի դիմաց տարիներ շարունակ տասնյակ միլիոններ արժեցող բացահայտ գովազդի՝ մասնավոր ընկերության անվանման անհագ մեծությամբ գրառումներով»:
Արփենիկ Մուրադյան
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ նախկին դասախոս