Իրանում հայտնի ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
Իրանցի ռեժիսոր և Բեռլինի կինոփառատոնի հաղթող Մոհամմադ Ռասուլոֆը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, մտրակի հարվածների, տուգանքի և ունեցվածքի բռնագրավման:
Այս մասին հայտնում է փաստաբան Բաբակ Փաքնիան:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռասուլոֆի «Սրբազան թզի սերմը» ֆիլմն ընտրվել է Կաննի կինոփառատոնի համար:
«Դատավճռի պատճառ են հանդիսացել հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ստեղծումը, որոնք, դատարանի կարծիքով, արվել են երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դիտավորությամբ»,- ասվում է փաստաբանի հրապարակման մեջ։
Փաքնիան ավելի վաղ հայտնել էր, որ նկարահանող խումբը, դերասանները և ռեժիսորը կանչվել են հարցաքննության և արգելվել է լքել երկիրը: Նրանք մեղադրվում էին առանց պատկան մարմիններից լիցենզիա ստանալու նկարահանումների, ինչպես նաև դերասանուհիների՝ հիջաբը սխալ կրելու մեջ։