Գնացել էի Եվրոպա և Ռուսաստան,բայց դա պետք չի չդիտարկել որպես «դաբրոներ» ստանալ․ Սուրեն Պետրոսյան

Այստեղ եմ, վերադարձել եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
Լրագրողները հումորով դիտարկում արեցին, թե որտե՞ղ էր` գնացել էր Կրեմլից գումարները ստանալո՞ւ, Պետրոսյանն էլ կրկին հումորով պատասխանեց, որ Կրեմլից ու աշխարհաքաղաքական կենտրոններից բոլոր հանարավոր գումարները արդեն փոխանցել են:
«Տարատեսակ հանդիպումներ են եղել, բայց ամենակարևորն այն է, որ մեր հարցերը լուծվելու են մեր տանը, մեր տնից դուրս հանկարծ մեկը լուծում չփնտրի: Եվրոպայում եմ եղել մեկուկես օր, մեկուկես օր եղել եմ Ռուսաստանում: Բայց էս ամեն ինչը խնդրում եմ չդիտարկել որպես «դաբրոներ», էս ամեն ինչը լուծվելու է մեր տան մեջ, որևէ մեկը դրսից գործ չունի` մեր տան ներսում ինչ է կատարվում: Թող մեծամիտ չհնչի, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ով ինչ ազդակ կտա և որևիցե մեկը ազդակ չի էլ կարող տալ: Այս շարժման խնդիրներից մեկը նաև արժանապատվությունն է: Մենք միշտ սովոր ենք եղել, որ պիտի լինենք հպատակ, պիտի գնանք ինչ-որ մեկին խնդրենք, մեզ ինչ-որ աջակցություն տան, խնամակալի դեր լինի մեզ համար: Էս շարժումը խորքային առումով էդ պիտի փոխի: Չի լինելու էդպիսի բան, կամ մենք կարող ենք հավասարը հավասարին համագործակցել, և մեր տան հարցերը մենք ինքներս լուծել, կամ էս ամեն ինչն անիմաստ է: Չի կարող էդպիսի բան լինել` ազդակներ լինել, հրահանգներ լինել, պայմանավորվածություններ լինել, որ ինչ-որ մեկը միջամտի դրսից: Մեր տանը, մեր ներսում պիտի մեր հարցեր լուծենք, սրանից ավելի նվաստացնող բան չկա»: