Կարմիր Խաչը հայտարարեց Գազայում գտնվող իր գրասենյակի հրթիռակոծման մասին․ կան զոհեր և վիրավորներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Գազայում գտնվող իր գրասենյակը վնասվել է ուժեղ արկերի կրակոցից:
Հրթիռակոծությունը ենթադրաբար հանգեցրել է շենքի մոտ պատսպարված 22 մարդու մահվան, հայտնում է BBC-ն։ Հաղորդագրության համաձայն՝ գրասենյակը շրջապատված է հարյուրավոր տեղահանված քաղաքացիներով, որոնք ապրում են վրաններում։
Զոհվածներից բացի, նախնական տեղեկություններով, կա ևս 45 վիրավոր։ Համասի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները տարբեր թվեր են ներկայացրել՝ հայտնելով հարձակման հետևանքով 25 զոհի և 50 վիրավորի մասին և մեղադրելով Իսրայելին:
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ նախնական ստուգումները ցույց չեն տալիս, որ Իսրայելը հարվածներ է հասցրել այդ տարածքում, սակայն նշել է, որ միջադեպը հետաքննվում է: