ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնում է, որ Թրամփը իրեն լավ է զգում՝ անցած շաբաթ երեկոյան Փենսիլվանիա նահանգում՝ քարոզարշավի ժամանակ հնչած իր դեմ ուղղված կրակոցներից հետո։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղի ունեցածը որակել է որպես մահափորձ։
Հիշեցնենք, կրակոցների հետևանքով Թրամփը թեթև վիրավորում էր ստացել ականջի հատվածում։ Զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, երկուսը՝ ծանր վիրավորվել են:
Ըստ իրավապահների, հրձիգը օգտագործել է AR տեսակի ավտոմատ հրացան, որը բավականին լայն տարածում ունի ԱՄՆ-ում:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացմամբ, կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, որին սպանել էին Գաղտնի ծառայության աշխատակիցները հենց միջադեպի ժամանակ:
«Նախագահ Բայդենի կարգադրությամբ տեղի կունենա միջադեպի անկախ հետաքննում, որը կուսումնասիրի Գաղտնի ծառայության և իրավապահների գործողությունները կրակոցից առաջ, ընթացքում և հետո: Այս գործողությունները անհրաժեշտ են երաշխավորելու, որ պետության առաջնորդներին պաշտպանելու առաքելությունը առավելագույնս արդյունավետ է կատարվում»,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը։
Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ավելի ուշ Բայդենը նաև դիմել է ամերիկացի ժողովրդին՝ միասնության կոչ անելով և դատապարտելով բռնությունը ամերիկյան քաղաքական դաշտում, ներառյալ՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը, որի հետևում, ինչպես հայտնի է, Թրամփի կողմնակիցներն էին: