Ռուսաստանը և Ուկրաինան դիմել են մեզ. Ալիև
Ռուսաստանը, Ուկրաինան և եվրոպական կառույցները դիմել են Բաքվին՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շարունակման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը, Ուկրաինան և եվրոպական կառույցները դիմել են մեզ՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը շարունակելու հետ կապված»,- ասել է նա։
Ալիևի խոսքով` արդեն մի քանի ամիս է՝ կողմերը մեծ ջանքեր են գործադրում ընդհանուր հայտարարի գալու համար։
Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին։ Դրանից հետո ակտիվացել են քննարկումները եվրոպական շուկա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։ Թեման քննարկվել է նաև Պուտինի հետ` օգոստոսին Բաքու կատարած նրա այցի ժամանակ։