Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը
Քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հավաստագրման և լիցենզավորման նոր ընթացակարգով, սեպտեմբերի 9-ի դրությամբ, տրամադրվել է 718 լիցենզիա, 1066 ներդիր և 2004 հավաստագիր: Հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։
Եւս ավելի քան 500 հայտ ուսումնասիրման փուլում է։ Քաղաքաշինության կոմիտեն օրական ստանում է ավելի քան 250 հայտ։
«Կոմիտեն հորդորում է շտապել և մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ urban.e-gov.am հարթակով ներկայացնել հավաստագրման, վերալիցենզավորման և ներդիրների ստացման հայտեր, որոնք կդիտարկվեն նաև վերջնաժամկետից հետո՝ անցումային կարգի պահանջներով։ Սահմանված ժամկետում չդիմած կազմակերպությունների լիցենզիան դադարելու է գործել։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն գործելու են արդեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները։ Այս դեպքում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ բնագավառում գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն 3 աշխատանք՝ ի տարբերություն անցումային փուլում պահանջվող 1 աշխատանքի։
Միայն քաղաքաշինության բնագավառում նախկինում գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան դիմելու 1-ին դասի լիցենզիայի համար։ Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 17-ը վերալիցենզավորման համար չդիմած կազմակերպությունների փորձը հաշվի կառնվի նաև վերջնաժամկետից հետո։ Կարևոր պայման է, որ ներկայացված 3 աշխատանքների պայմանագրերում հայտատուն լինի գլխավոր կապալառու, իսկ աշխատանքները կատարված լինեն առանց թերությունների, տույժերի և տուգանքների գանձումների։
Կախված դասից՝ սահմանված են պահանջներ նաև պաշտոնական կայքի առկայության, ինժեներատեխնիկական անձնակազմի, բանվորական կազմի վերաբերյալ»։
Ոլորտում սկսնակ, առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարողանա ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Այն կարող է դիմել «քաղաքաշինական փաստաթղթերի կազմում» և «շինարարության իրականացում» գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շինարարության որակի տեխնիկական հսկողության և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար:
Քաղաքաշինության կոմիտեն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անցումային փուլում չհավաստագրված մասնագետները սեպտեմբերի 17-ից հետո հավաստագրման համար դիմելուց առաջ նախ պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացում, հավաքեն անհրաժեշտ կրեդիտներ և նոր միայն կարողանան դիմել հավաստագիր ստանալու համար։