ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ Միրզոյան
«Թեև դուք հակառակն եք պնդում, բայց ես փորձից ելնելով կարող եմ ասել, որ քիչ չեն այն դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները, մտածելով, որ նման ձևով կարող են ավելի հեշտ ապաստան գտնել այս կամ այն ապաստանի թիրախ երկրում, իրենց տվյալների մեջ նշում են այլ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետությունը՝ մտածելով, որ այն ավելի լեգիտիմություն կարող է հաղորդել ապաստանի իրենց հայցին»։ Այս մասին Աժ ամբիոնից հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բարձրացրած հարցին։
Պատգամավորը նշել էր, որ ԱԳՆ-ն սպառիչ պատասխան չի տվել, թե ինչու է Գերմանիայի միգրացիոն ծառայությունը հայերի փաստաթղթում նշում նաև Ադրբեջանի հանրապետությունը։
Միրզոյանը վստահեցրեց, որ նման դեպքերը քիչ չեն և հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն զբաղվում են դրանով։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մտահոգիչն այն է, որ նման քաղաքացիներին տվյալ երկրից արտաքսելու դեպքում նրանց կարող են ուղարկել նաև Ադրբեջան, քանի որ կարող է հիմնական երկիր ներկայացվի Ադրբեջանը։
«Ոչ թե ԱԳ նախարարության պատասխանն է ոչ սպառիչ և ամբողջական. այն ինձ չպետք է ասել, այլ պետք է ասել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենք են նշում ծննդյան մյուս երկիրը Ադրբեջան, մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան»,- ասաց Միրզոյանը։
Ամեն դեպքում, նա վստահեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն միջոցներ են ձեռնարկում, որպեսզի քաղաքացիներին չարտաքսեն Ադրբեջան։