Ո՞վ է թույլ տվել կիսամերկ մոդելին նկարահանվել Մատենադարանի պատերին․ Մատենադարանից պարզաբանել են (տեսանյութ)
Հովանոցների տեղադրումից հետո կիսամերկ մոդելի նկարահանումներ են Մատենադարանի պատերին։ «Մատենադարանը, որտեղ պահվող մագաղաթներից շատերը ցեղասպանության ժամանակ փրկելու համար հարյուրավոր հոգեւորականների իրենց կյանքն են զոհաբերել սրանց համար, իրենց այլանդակությունը նկարելու բեմ է դարձել»։ Այս մասին ահազանգել էր Գուրգեն Վարդանյանը և ֆեյսբուքյան իր էջում տեղադրել տեսանյութ․
Իր հերթին, ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ, որպեսզի պարզի՝ թույլատրվո՞ւմ է արդյոք Մատենադարանի տարածքում կիսամերկ նկարահանումներ իրականացնել, ինչին ի պատասխան ասացին, որ այդ հարցին Մատենադարանը պետք է պատասխանի։
Կապ են հաստատել նաև Մատենադարանի մամուլի խոսնակ Էմմա Հոռոփյանի հետ, որը պատասխանեց, թե բնականաբար Մատենադարանը նման ֆորմատ և, առհասարակ, իր տարածքում ֆոտոնկարահանումներ թույլ չի տալիս։ «Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդանշական է։
Պետք է նաև նշեմ, որ մենք կարողացել ենք գտնել լուսանկարչին, որը փաստել է, որ նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել: Մատենադարանի ներկայիս ղեկավարությունը ավելի է խստացրել թե՛ տարածքի տեսահսկումը, թե՛ ներքին վերահսկողությունը»,- ասել է Մատենադարանի մամուլի խոսնակը։