«Որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ի աքսիոման․ ինչո՞ւ է Գագիկ Մելքոնյանը հանգիստ հակահայ հայտարարություններ անում
Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է Գագիկ անունով (Գուրգենն անձնագրային անունն է), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է պատգամավոր ու մոռացել անցյալը։
Երկիրը հանձնելու մեջ մեղադրվող իշխանություններին հաճոյանալու համար, ՔՊ-ական այս պատգամավորն ուրանում է անգամ սեփական հայրենիքը և աջ ու ձախ փորձում ցեխ շպրտել, որպեսզի սեփական «կեղտերը ջրի երես դուրս չգան»։
Նախկիններին թալանի մեջ մեղադրող, բայց նախկինների ժամանակ բանակում թիկունքի պետ եղած, այժմ իշխանական պատգամավոր դարձած այս մարդը (ներեցեք արտահայտությանս), արդեն մի քանի անգամ հայկական տարածքի հետ կապված հանգիստ հայտարարել է, թե՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։
Նա անկեղծ հավատում է, որ «այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնալ․․․» (դե, համենայն դեպս նման հայտարարություն է արել):
Այս ու համանման այլ հայադավ հայտարարություններով հանդես եկող Մելքոնյանն այժմ էլ նոր «պայծառափայլ» միտք է արտահայտել։
Երեկ էլ, 24news-ին հարցազրույց տալու ժամանակ, անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, նա ասել է, թե Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է և արցախցիներին մեղադրել է հայրենիքը հանձնելու մեջ՝ մոռանալով, որ Արցախի երաշխավորը Հայաստանն էր, այսինքն՝ իր «պաշտելի ու սիրելի իշխանությունը», որի ներկայացուցիչն է հենց ինքը։
Գագիկ Մելքոնյանը մասնավորապես ասել է․
«Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար: Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»․․․
Մյուս կողմից էլ թերևս կարելի է հասկանալ, թե ինչու է Արցախը հանձնելու մեջ մեղադրվող իշխանության այս ներկայացուցիչը նման հայտարարություններ անում։ Նրա այս պահվածքը հատուկ է թերևս բոլոր այն «անհայրենիք» անհատներին, որոնց համար աթոռն ու ունեցվածքն ավելի կարևոր են, քան այն սեփական հողը, որն իրեն ծնել-սնել է և, որի վրա ապրում է։