Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը
Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը, որի աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Նա տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել:
«Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում»,-ասաց նա։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:
Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը: Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից: