Գազայում հակամարտությունը մոտենում է իր մեկ տարվան։ Սակայն նախորդ ամիսների ընթացքում ոչ միայն չի հաջողվել կանգնեցնել արյունահեղությունը, այլ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին։
Նախորդ շաբաթներին ռազմական գործողությունները տարածվեցին Իսրայելի Հյուսիսային հարևան Լիբանանում, ուր իսրայելական ուժերը շարունակում են օդային հարվածները «Հեզբոլլահի» օբյեկտներին։
Նախորդ շաբաթ Իսրայելին հաջողվեց սպանել «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային, և դիտորդների կարծիքով` նշվածը դրդեց Իրանին օրեր առաջ հրթիռային հարված հասցնել հրեական պետությանը։ Այժմ աշխարհը սպասում է Իսրայելի պատասխան հարվածին։
Իրավիճակին անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը․ «Ակնհայտ է, որ տեղի ունեցածը Իրանի կողմից ձեռնարկած նշանակալի սրացում է: Կարևոր է, որ մենք կարողացանք քայլ կատարել Իսրայելի հետ և ստեղծել մի իրավիճակ, երբ Իսրայելում ոչ ոք չզոհվեց այդ հարձակման հետևանքով»։