Հայտնաբերվել են Գյումրիում դրիֆտ անող երիտասարդները
Հոկտեմբերի 29-ին SHAMSHYAN.com-ը տեսանյութ էր հրապարակել Գյումրիում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների կողմից իրականացված «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիայի մասին:
Հրապարակման մեջ նշել էին, որ պարեկներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերել էին Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի տարածքում, թանկարժեք «BMW»-ով ու «Mercedes»-ով դրիֆթ անող երիտասարդներին: Ավտոմեքենաները տեղափոխվել էին ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Սակայն ոստիկաններն ու պարեկներն այդքանով չէին սահմանափակվել, քանի որ ունեին հավաստի տեղեկություններ, որ դրիֆթին մասնակցել է նաև վրացական համարանիշներով «BMW XM» մակնիշի ավտոմեքենան, ու մինչ գյումրեցիները քննարկում էին, թե այդ ավտոմեքենան արդեն հատած կլինի Հայաստանի սահմանը՝ Գյումրիում Շիրակի մարզի ոստիկաններն ու պարեկները ժամերի ընթացքում պարզել են վարորդի ինքնությունը և հայտնաբերել մեքենան:
Այն նույնպես տեղափոխվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով՝ այն վարել է Հայաստանի և ՌԴ քաղաքացի, Գյումրիում հաշվառված 21-ամյա Ռուդոլֆ Ազատյանը: