65 մլն դրամ` Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար
Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք:
Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը: 2.8 մետր բարձրությամբ արձանը տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։
ՀՀ կառավարության որոշմամբ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։