Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորրանին։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։
2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, եւ իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:
ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, եւ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը:
Ի՞նչ է սպասվում գեներալի դատավոր դստերը. կհետեւենք քննության ընթացքին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: