Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու տրանսպորտի համար վճարել. Ավինյան
Բանկային քարտերով նույնպես հնարավոր է լինելու տրանսպորտի համար վճարումներ կատարել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախորդ շաբաթ խոսել եմ ԿԲ նախագահի հետ և իրենք գտնվում են վերջնականացման փուլում՝ բանկային քարտերով վճարման համակարգը ներդնելու գործընթացում։ Բայց ուզում եմ ասել, որ բացի բանկային քարտերով վճարումներից, հասանելի են լինելու նաև տրանսպորտային քարտերով վճարումներ և բոլոր այն դեպքերում, երբ մարդու իդենտիֆիկացման կարիք է լինելու, մասնավորապես, երբ մարդն արտոնյալ խմբի անդամ է, ինքն ունենալու է հնարավորություն և՛ հավելվածով, և՛ տրանսպորտային քարտով, և՛ մի քանի այլ տեսակից օգտվելու»,-հավելեց Ավինյանը։
Սակայն, քաղաքապետն արձանագրեց, որ այս բոլոր խնդիրներով հանդերձ, բոլոր չվճարումներով հանդերձ՝ վերջին 2-3 օրերի ընթացքում իրենք ավելի շատ գումար են հավաքել.
«Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն ստիպված է եղել 8.5մլդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև այս նոր շարժակազմերը պահելն ու մնացած բոլոր ծախսերը կտրականապես աճել են, քանի որ մենք ձգտում ենք որակյալ տրասնպորտ առաջարկել։ Ասեմ ավելին՝ այս նոր ավտոբուսները երթուղի մտնելուց հետո այդ ծախսերը էլ ավելի են մեծանալու։ Դրա համար միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, դա Երևան քաղաքում տրանսպորտի ապահովման միջոց է»։