ԱՆ-ի տեղակալը Վիեննի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, շրջանի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը:
«Մեկ տարուց ավելի է Հայաստանը սերտ համագործակցում է Ֆրանսիայի այս շրջանի հետ, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ Սյունիքում:
Հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի զարգացումն է, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում առողջապահական ոլորտի պատրաստվածության բարձրացումը, մայրական և մանկական առողջության պահպանման աջակցությունը, ինչպես նաև` հիվանդանոցային օղակում նոր ծառայությունների ներդրման հնարավորությունները, ինչը բնակչին հնարավորություն կտա բուժօգնություն ստանալ տեղում:
Կողմերը պայմանավորվել են մանրամասն գույքագրել ոլորտում առկա առաջնահերթությունները համագործակցության նոր ուղղություններ ծրագրելու համար»,- նշվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: