Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ
Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`
զարկերակային ճնշման բարձրացում,
սրտի աշխատանքի արագացում,
տագնապի զգացողություն, անհանգստություն,
քնի խանգարում, անքնություն,
ջրազրկում,
ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն, ցնցումներ:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք»,-նշված է հաղորդագրության մեջ։