Աննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ․ վերլուծաբան
Երկու օր առաջ ծավալուն անդրադարձ կատարեցի այն հանգամանքին, որ Տրամպի նոր նախագահությունը նախկինի օրինակով ու ելակետով չափելն ու գնահատելը, այդ թվում Կովկասի առնչությամբ, համարժեք չէ: Գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Եվ այստեղ հարցը բոլորովին այն չէ միայն, որ այլ է իրավիճակն աշխարհում, այդ թվում մեր ռեգիոնում:
Բուն հարցը թերեւս այն է, որ այլ է իրավիճակը հենց Միացյալ Նահանգներում: Ի վերջո, աննախադեպը տեղի է ունեցել ընտրական գործընթացի քվեարկությունից առաջ, դեռեւս հունիսին, երբ կայացվել է դեմոկրատական կուսակցության թեկնածուին փոխելու որոշումը:
Սրանք մենք փոքր ինչ հպանցիկ ենք նայում, մինչդեռ սա հիմնարար հանգամանք է: Երբ կայացվել է Տրամպի դեմ Բայդենի թեկնածությունն առաջադրելու որոշում, Բայդենը այսպես ասած առավել լավ ու թարմ վիճակում չի եղել, քան՝ երբ կայացվեց նրան հեռացնելու որոշում: Հետեւաբար, նրան առաջադրելու որոշման ձեւավորմանը մասնակցած ուժերը չէին կարող դեմոկրատների այսպես ասած մյուս թեւին մի քանի ամիս անց ասել՝ դուք ճիշտ էիք, մենք՝ սխալ: Որովհետեւ մեկ տարի առաջ էլ պարզ էր, որ Տրամպը իր «մարզավիճակով» ուղղակի կխժռի Բայդենին: Բայց, նրան առաջադրեցին:
Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ հունիսին, ինչու՞ փոխարինվեց Բայդենը: Ըստ իս, հունիսին տեղի ունեցավ այսպես ասած «թավշյա» ներիշխանական հեղաշրջում: Այդ գնահատականները հնչել են անգամ ամերիկյան միջավայրում, այդ ժամանակ: Ընդ որում ակնհայտ է, որ Բայդենն ու նրա կողմնակիցները դիմադրել են Հարրիսով «փոխարինմանը»: Մի քանի օր ԱՄՆ նախագահը չէր կայացնում «հանձնվելու», ընտրարշավից դուրս գալու որոշումը:
Ըստ իս, որոշակի պահից, ԱՄՆ նախագահի ընտրությունը եղել է ավելին, քան պարզապես պայքար դեմոկրատների եւ հանրապետականների թեկնածուի միջեւ:
Այստեղ հարկ է ուշադրության արժանացնել Իլոն Մասկի մի էական հայտարարություն, որ նա արել է մի քանի անգամ՝ եթե Տրամպը պարտվի, դա կլինի ԱՄՆ-ում վերջին ընտրությունը: Հասկանալի է, որ նա նկատի չուներ զուտ ֆորմալությունը: Նկատի ուներ այն, որ դե ֆակտո կստեղծվի նախադեպ, երբ ԱՄՆ-ում նախագահի ընտրության ելքը որոշվել է նախ Սպիտակ տան վարչակազմում «թավշյա հեղաշրջմամբ», իսկ հետո արդեն դա ամրագրվել ընտրությամբ:
Այդ իմաստով, Բայդենի փոխարինումից հետո ընտրությունն ըստ էության հետեւյալ բաժանարար գծով էր՝ ամերիկյան կարգի եւ «անկարգության» միջեւ: Իսկ ամերիկյան քաղաքականության կորիֆեյներից մեկը՝ Ջո Բայդենը, որն ինքն էլ որպես գործիչ, չէր կարող լինել «անկարգության» կողմում: Վերստին ուշադրություն եմ հրավիրում հանգամանքի վրա, որ քվեարկությունից մի քանի օր առռաջ Բայդենը հանկարծ որոշում է կոպիտ վիրավորել Տրամպի համակիրներին, Տրամպին փաստորեն ընձեռելով քարոզչական հիանալի հակադարձում անելու լավ հնարավորություն»։