Ավինյանից են վարակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հրապարակ»-ին երեկ Սեւանի բնակիչներն ահազանգել էին, թե քաղաքում համատարած ծառահատումներ են արվել՝ հաստաբուն ծառեր են կտրվել: Ինչո՞ւ են հատվել ծառերը․ փորձեցինք պարզաբանում ստանալ Սեւանի համայնքապետարանից: Աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ քաղաքում մեկնարկել են կենսունակությունը կորցրած ծառերն արժեքավոր ծառատեսակներով փոխարինելու աշխատանքները: Այսինքն, Տիգրան Ավինյանի՝ Երեւանում հին ծառերը նորերով փոխարինելու մարմաջը հասել է Սեւան, եւ պետք է պատրաստ լինենք, որ մյուս քաղաքներին էլ է հասնելու: Բոլոր խաղերը խաղացել են, մնացել է հին ծառերը հանրապետությունով մեկ հատելու, նոր շվիներ տնկելու հերթը:
Սեւանի համայնքապետարանը քաղաքի Նաիրյան փողոցում իրականացված ծառերի «գույքագրման եւ մշտադիտարկման» աշխատանքներ է իրականացրել, ապա այդ արդյունքների հիման վրա դիմել է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին՝ մասնագիտական աջակցություն եւ եզրակացություն ստանալու համար: Համայնքապետարանից հայտնում են. «Հիմք ընդունելով մասնագիտական եզրակացությունը՝ Սեւան համայնքի ավագանին 18.06.2024 թ․ ընդունել է «Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի կենսունակության ավարտին մոտեցող ծառերի՝ արժեքավոր ծառատեսակներով փոխարինման մասին» թիվ 88-Ա որոշումը: Հունիս ամսին տրվել է համապատասխան եզրակացություն, համաձայն որի՝ քաղաքի մոտ 2.5 կմ երկարություն ունեցող Նաիրյան փողոցում գտնվող գերհասուն, կենսունակության ավարտին մոտ, սաղարթ չունեցող բալզամային բարդիները ենթակա են հատման եւ փոխարինման: Բարդիների գերակշիռ մասն ունի բնափայտի փտածություն, թեքվածություն, փչակներ, շատերի վրա առկա են սնկեր, որոնք ունեն նաեւ տապալման մեծ վտանգ:
Հանձնաժողովն առաջարկել է առկա բալզամային բարդիները հատված առ հատված, փուլային տարբերակով հատել եւ փոխարինել համայնքի բնակլիմայական պայմաններին հարմարված այլ ծառատեսակներով՝ թխկի, կաղնի, ակացիա, արոսենի: Արդյունքում Նաիրյան փողոցը կունենա ուրույն դիմագիծ՝ ապահովելով ներկայանալի տեսք, հարմարավետություն, Սեւանի բնակլիմայական պայմաններին հարմարված ծառերի առկայություն: Ծառերի հատման համար համայնքապետարանի հայտարարած մրցույթի արդյունքներով շահած կազմակերպության՝ «Ջիջի նատուրալս» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հատման, այժմ իրականացվում են նոր ծառատեսակի՝ ակացիայի տեղադրման աշխատանքները: Մրցույթի արդյունքում շահած «Արմեն Մստոյան» ԱՁ-ի կողմից Նաիրյան փողոցում կտեղադրվի 322 ակացիա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում