Շատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից ԼՂ հայերի հարցի արծարծումը. Մարուքյանի նամակը՝ Թրամփին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփին:
«Հարգելի պարոն նախագահ,
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից սրտանց շնորհավորում եմ վերջին ընտրություններում Ձեր տարած հաղթանակի և քաղաքական աննախադեպ վերադարձի կապակցությամբ:
Որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկրի ներկայացուցիչ՝ ես բարձր եմ գնահատում և կիսում այն քրիստոնեական արժեքները, որոնք Դուք և Ձեր թիմը արտահայտել և բարձրաձայնել եք Ձեր վերջին քաղաքական քարոզարշավի ընթացքում։ Շատ անկեղծ և մարդակենտրոն ժեստ էր Ձեր կողմից նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հարցի արծարծումը՝ կոչ անելով պաշտպանել հալածված քրիստոնյաներին և դադարեցնել Ադրբեջանի կողմից նրանց նկատմամբ իրականացվող բռնությունն ու էթնիկ զտումները:
Ձեր ներդրումն ու աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման գործում մեծ նշանակություն կունենան մեր տարածաշրջանի համար։
Մենք լիահույս ենք մեր հարաբերությունների հետագա բարելավման և ԱՄՆ-Հայաստան համագործակցության խորացման հարցերում։ Երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար՝ նպաստելու ժողովրդավարական բարեփոխումներին, ամրապնդելու Հայաստանի դիմադրողականությունը և խթանելու տնտեսական աճը։
Ձեզ ենք փոխանցում մեր դրական լիցքերը միտված երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և ռազմավարական երկխոսության շարունակմանը։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր կենսական առաքելության մեջ, որպես Միացյալ Նահանգների նախագահ»: