Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Գևորգ Ռուբինյանը նրան հարցրել է.
«Երկրում չի վերանում հակառուսական մթնոլորտը. նույնիսկ «Գելափի» վերջին հարցումներն են վկայում այդ մասին։ Ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք պետք է որևէ բան անել այդ տենդենցը կասեցնելու համար»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Հայաստանում տիրող հակառուսականությունն իրականացվում է «պետպատվերի» շրջանակներում։ Այդ պատվերի դրսի տերերը վերջերս փաստացի անընդմեջ պարտություններ են կրում. Մոլդովայում նախագահը վերընտրվեց դրսի քվեարկողների շնորհիվ, Վրաստանում ո՛չ իշխանությունը փոխվեց, ո՛չ էլ հետընտրական թեժացումը ստացվեց։ Ի դեպ, գուցե նույն Միացյալ Նահանգներում Թրամփը հաղթեց նաև ա՞յդ պատճառով։ Ժամանակն է, որ այդ պսևդոլիբերալները պարտվեն նաև Հայաստանում, և սա ասում եմ անկախ հայ-ռուսական հարաբերություններից։