Հերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով՝ խիզախում է․ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարար
«2025 թվականի բյուջեն միայն թվերի համախումբ չէ, այլ մեր բոլորի մասին է, իրական Հայաստանի քաղաքացիների՝ նրանց ովքեր ձևավորում են մեր երկրի ներկան և ապագան»։ ԱԺ հերթական նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի բյուջեն։
Նրա խոսքով՝ բյուջեն այն երաշխիքն է, որը յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով։
«Հերոս չէ՞ արդյոք այն գործարարը, ով իր սեփական տունը գրավ դնելով խիզախում է բիզնես հիմնել, ապրանքներ և ծառայություններ է առաջարկում հանրությանը»,-նշեց Վահե Հովհաննիսյանը, և շարունակեց. «Կամ այն մասնագետը, որը հաջողության հասնելով մասնավոր հատվածում և ստանալով մի քանի միլիոն դրամ աշխատավարձ, համաձայնում է աշխատել պետական համակարգում՝ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով՝ հանուն Հայաստանի պետական կառավարման համակարգի ամրապնդման։
Կամ պետական այն աշխատողները, ովքեր կարող են հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում մի քանի անգամ բարձր աշխատավարձով, սակայն գերադասում են շարունակել աշխատել պետական համակարգում։
Ինչպես իմ սիրելի հերոսներից մեկն է ասում. «Չէի ասի, որ իմ աշխատավայր գնալը սխրանք է, սակայն ինչ-որ հերոսական բան դրանում այնուամենայնիվ կա»»,-հայտարարեց ֆինանսների նախարարը։
Նա կարծիք հայտնեց,որ Հայաստանում ապրանքի արտադրությամբ զբաղվելն առանձնահատուկ խիզախություն է պահանջում, երբ լոգիստիկ շղթաները բարդ են, բեռնափոխադրումները՝ երկար, շուկան՝ փոքր, որակյալ ուժը ոչ միշտ հասանելի։
«Այս է այլ իրական հանգամանքները հաշվի առնելով է, որ պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը և ընդունենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը որը միշտ չէ, որ կարող է բերկրանք պարգևել բայց նույնպես խիզախություն և ջանք է պահանջում»,- ասաց Հովհաննսիյանը։