Վահե Ղազարյանը ծանր է տարել իր պաշտոնազրկումը․ անգամ արտասվել է
Կիրակնօրյա sms-ազատումներից հետո, մեկը մյուսին հերթ չտալով, իրենց աթոռները կորցրած պաշտոնյաները շտապեցին ուղերձներ հրապարակել: Նրանց տեքստերն ավելի շատ ինքագովեստի ու «տիեզերական առաքելության» մասին վկայող դիֆերամբներ էին հիշեցնում, որոնք գուցե ավելի նորմալ կարող էին դիտվել պաշտոն զբաղեցնելու ժամանակ, և ոչ թե այն դեպքում, երբ երկիրը ղեկավարող վարչապետը դժգոհություն է հայտնում նրանց ղեկավարած կառույցների, `այսինքն հենց իրենց իսկ կատարած ու չկատարած աշխատանքներից։
Ինչևէ․․․ Ուղերձներին հաջորդեցին անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպումների մասին պատմող պաշտոնական տեսագրությունների հրապարակումներ:
Հետաքրքիր է, որ միայն ՆԳ նախարարի «հրաժեշտի երեկոյի» մասին պաշտոնական հրապարակում չեղավ:
NEWSPRESS.am-ը փորձեց պարզել պատճառները, քանի որ խիստ տարօրինակ էր ՆԳՆ-ի նման լռությունը։ Նա այս անգամ, չգիտես ինչու, ձեռնպահ էր մնացել ևս մեկ առիթ օգտագործելու՝ համակարգն ու նրա, թեկուզ արդեն նախկին, ղեկավարին գովելու:
Պարզվում է` անձնակազմին հրաժեշտ չտալու առիթը, Վահե Ղազարյանի զգացմունքայնությունն է:
Մեր տեղեկություններով, նա իր պաշտոնանկությունը բավականին ծանր է տարել ու անգամ ղեկավար կազմի ներկայությամբ արտասվել է։ Իսկ երբ առաջարկվել է ավանդական հանդիպումը, հրաժարվել է՝ խուսափելով անձնակազմի մոտ սեփական թուլություններն ի ցույց դնելուց: