ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ միջադեպից հետո Զեյնալյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քյարամյանին՝ նշելով, որ որեւէ պաշտոնյա չի կարող նման տոնով խոսել ԱԺ պատգամավորների հետ: