Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը նույնպես կհեռանան Քննչական կոմիտեից. 168.am
«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա»,- առավոտյան Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Կոմիտեից հեռանում են բարձր պաշոններ զբաղեցնող ծառայողները, այդ թվում՝ ՔԿ իրավաբանական վարչության պետ Արթուր Վարդանյանը, ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Արսեն Սիմոնյանը, ովքեր ոչ միայն չեն պատկերացնում իրենց աշխատանքն առանց Քյարամյանի, այլև գլխավոր դատախազի գործող տեղակալ Արթուր Պողոսյանի հետ, ում անունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է՝ որպես Քյարամյանի հնարավոր փոխարինողի:
Հիշեցնենք, որ երկուսն էլ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրերն են: Գևորգ Բաղդասարյանը գլխավոր դատախազի տեղակալն էր, Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազը: Երկուսն էլ դատախազության համակարգից հեռացան Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ դառնալուց հետո:
Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, իհարկե, անգործ չեն մնա: Երկուսն էլ մասնագիտական բարձր պատրաստվածություն ու թերևս փաստաբանի արտոնագիր ունեցող անձինք են, ու գործազրկություն նրանց հաստատ չի սպառնա:
Աննա Վարդապետյանի ցնծությունը շարունակվում է. նա դեռ շարունակում է հաղթանակ տանել Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է՝ իր համար հեղինակություններ, հիշողություն և կարմիր գծեր չկան: